Մեկնարկեց «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի դասընթացի I փուլը

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին և 8-ին «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում Դարբաս, Գետաթաղ, Աշոտավան, Տոլորս, Տորունիք, Նորավան, Սալվարդ և Հացավան  բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվեց առաջին դասընթացը:
Առաջին երկօրյային Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը մասնակիցներին ներկայացրեց տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև թե ինչպես կարող են բնակավայրերի բնակիչները մասնակցել  տեղական ինքնակառավարմանը և տեղական մակարդակում որոշումների կայացմանը:
ՀՖՄ փորձագետ Դավիթ Մարգարյանը մասնակիցներին ծանոթացրեց ծրագրային նախագիծ – առաջարկ մշակելու հմտություններին: Մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները, կազմեցին իրենց բնակավայրերին վերաբերող խնդրի լուծման նախագիծ-առաջարկը, ինչպես նաև ներկայացրեցին տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության օգուտները:
Նշված բնակավայրերի համայնքային ակտիվ խմբերի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին և 21-ին, որի ընթացքում կմշակվեն բնակավայրերում առաջնահերթ համարվող 3 խնդիրների ծրագրային առաջարկները, ինչպես նաև կներկայացվեն համայնքի բյուջեի և զարգացման ծրագրերի մշակման գործընթացները:
«Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը իրականացվում է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից, ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:


Հավանեք և հետևեք մեզ...